1
Զո՜ւր են խոսքերը …
օ՜հ, միտք իմ, կանգնի՛ր,
մի նետվիր առաջ, դու դեռ մարտում չես,
խոսքերն էլ արճիճ չեն՝ ձուլվելու համար,
ժամը չի եկել, պտուղն հասած չէ:
Հզոր ժայթքումով ճեղքելով կեղևն
ցասումը սառում ու խոսք է դառնում,
բայց ուզում եմ ես, որ շառաչելով՝
նա անվերջ հոսի:
Վանքերի ղողանջը չի լռում երբեք,
ողբալով նրանց, ովքեր դեռ երեկ …
Օ՜հ, ո՜չ, թող քարերը, քարերը խոսեն …
և խոսում են նրանք լռությամբ մռայլ:
Քարեր հարազատ, ո՞ր մեղքի համար
հայրենիքը մեր դարձրին դժոխք,
խաչեցին հավատը, իսկ մարդուն,
Մարդո՜ւն …
Ո՞ր մեղքի համար:
Քարեր հարազատ, լռությամբ ձեր սուրբ
տվեցիք դուք մեզ մխիթարություն,
հասկացաք դուք մեզ, ցավեցիք դուք մեզ,
չեղաք անտարբեր մարդկության նման,
և համոզեցիք՝ սրտերը մարդկանց
քար չեն, այլ սառույց, սառն ու սպիտակ:
2
Անծա՜յր անապատ,
լերդացած արյան կտորները սև,
քարերի նման փռվեցին գետնին,
դարձնելով երկիրը մեր մեծ գերեզման,
ու երկինքն ապշած քարացավ առմիշտ:
3
Գժվելով ցավից, ծաղրանքից վայրի,
վախից, ամոթից ու ստորացումից,
մի ազգ, մի ամբողջ ազգ էր կոտորվում,
հոշոտվում էր ողջ աշխարհի առջև:
Կանչում էին նրանք և հույսերն անհույս
ուղղում էին նրանք միմիայն Աստծուն,
և ձայները նրանց արնաքամ երկրում
տարածվում էին ղողանջի նման:
Մանուկներն անուժ և կանայք անզոր,
վանքերում այրվող սերունդներն արու
աղաչանքներով դիմեցին Աստծուն,
բայց խուլ էր Աստված:
Մարդիկ խենթացած՝ մահ էին փնտրում,
մահն էր հանգրվան գեհենից ահեղ,
և մահին խոնարհ իրենց իսկ ձեռքով
նրան էին հանձնում միակ երեխուն:
Օ՜հ, աշխարհ մարդկանց,
արնոտ, արնածոր,
գռեհիկ, անաստված, լպիրշ, բութ էակ:
Հուսահատ մեր ձայնն ականջին քո մեծ
չհասավ երբեք, լոկ մեզ խլացրեց:
Արցունքները իմ միացնեմ ես նրանց
արցունքի գետին,
որ լցվում է լուռ
ծովը մարդկության:
Տեսնողները այն Դանթե չդառան՝
լռեցին նրանք,
կլռեմ և ես:
4
Անցնում են դարերը,
վազում են դարերը,
ցավի, դավերի, մտքի, տանջանքի,
կսկիծի, սիրո, հիասթափության,
ցանկությունների, կռվի, հավատքի,
ջերմության, վեհի, փառասիրության,
մթի ու լույսի, չարի ու հույսի:
Անցնում են դարերը,
մեր դարն էլ կանցնի՝
միանալով նրանց:
վերջ Ա մասի