Ծանր հրետանին

Փոխադրվեցի երրորդ դասարան: Մայրս Երևանում աշխատում էր խիստ գրաֆիկով, և ինձ, այսպես ասած, տիրություն անող չկար։ Որոշվեց, որ պետք է Հոկտեմբերյանում դպրոց գնամ այդ մեկ տարին։ Ես դրա համար շատ ուրախ էի, որովհետև դասերը մի քանի ժամ էին տևելու, ու մնացած ժամանակս էլի կտնօրինեի իմ ուզած ձևով։

Սկզբում դասարանն ինձ գրկաբաց չընդունեց, ինչպես կցանկանայի։ Դրա բացատրությունը տարիներ հետո գտա։ Դասարանի լավագույն սովորղը մի աղջիկ էր՝ Լարիսա անունով, որը բավականին ազդեցություն ուներ երեխաների վրա։ Դասղեկը, որի անունը Ժասմեն էր, մորաքրոջս մտերիմ ընկերուհին էր: Ինձ ներկայացնելիս նա ձեռքը մտերմիկ գցել էր ուսիս։ Հա, չմոռանամ ասել, որ մորաքույրս տանն ինձ համար մի ժամ դասախոսություն կարդաց, որ հանկարծ Ժասմենին դպրոցում անունով չդիմեմ, բայց ես չէի կարող այդ հազվադեպ հնարավորությունը բաց թողնել ձեռքիցս ու չհանրայնացնեմ մեր մտերիմ լինելու փաստը։ Մեկ–երկու անգամ անունով դիմելուց հետո ես, որպես պատիժ, զրկվեցի պաղպաղակի գումարից, բայց դե հասել էի նպատակիս.ինձ ընդունեցին որպես դասղեկի բարեկամ։ Ընթացքում մի քանի հանձնարարություններ ինձ տվեց Ժասմենը, ազգանունը չեմ հիշում, որն էլ Լարիսային ու նրա շքախմբին դուր չեկավ։ Դա բավական չէր, հայոց լեզվի ուսուցչուհին էլ, որպես նորեկի, ինձ կարդալ տվեց նոր դասը։ Ես փայլուն կարդացի։ Ասեմ, որ մեծ սեր ունեի կարդալու հանդեպ։ Գիշերները լամպի լույսի տակ անհագ կարդում էի։ Երևի «Փոքրիկ կռունկն» իր գործն արել էր, ես սիրեցի ընթերցանությունը։ Կամաց–կամաց ոչ միայն դասարանն ինձ ընդունեց, այլև Լարիսան դարձավ մտերիմ ընկերուհիս։

Մի անգամ դասերից հետո ես ու Լարիսան տուն էինք գնում։ Ճանապարհն անցնում էր դեղատան մոտով։ Դռան դիմաց արկղով մանկական կերի շշեր էին դրված։ Լարիսան նոր էր քույրիկ ունեցել։ Նայեց այդ շշերին ու ասաց, որ իրենց հենց դրանցից են պետք։ Որոշեցինք, որ երևի դեղատանը պետք չեն շշերը ու դրել են դրսում, որ տանեն թափեն։ Հիմա հստակ չեմ կարող հիշել, թե ում մոտ հղացավ այդ «հանցագործ» գաղափարը, բայց մենք մոտեցանք ու մի քանի շիշ վերցրինք արկղից։ Շրջվեցինք, որ հեռանանք, դեղատնից աշխատողը դուրս պրծավ ու վազեց հետևներիցս։ Պարզից էլ պարզ է, որ եթե ուզում են քեզ բռնել, պետք է փախչես։ Իհարկե, ինձ բռնելն այնքան էլ հեշտ գործ չէր, բայց ձեռքը մեկնեց ու պայուսակս խլեց։ Ես կանգնեցի ու սկսեցի արդարանալ, որ մենք չենք իմացել, թե պետք են այդ շշերը, ու պատրաստ ենք վերադարձնելու, չնայած Լարիսան արդեն ծլկել էր՝ իր հետ տանելով նաև ավարը։ Աշխատողն ասաց, որ միայն մայրիկիս կտա պայուսակս։ Պահո՜, դա արդեն հղի էր լուրջ հետևանքներով։ Վերևում նշեցի, որ մայրս Երևանում էր, այսինքն՝ պետք է գործին խառնվեր ծանր հրետանին՝ բաբոս։ Աշխատողին սկսեցի խնդրել, համոզել, բացատրել, որ մամաս Երևանում է, խոստանալ, որ երբեք այդ կողմերում չեմ երևա, միայն թե չանի այդ բանը։ Իզուր էր։ Իհարկե, պատմությունը շատ տհաճ էր, ու դեռ ավելի մեծ տհաճություններ էին սպասվում, բայց ես չէի իմ դարդը, դեղատան աշխատողն էր մեղքս գալիս։ Ախր ե՛ս էի խցկվել նրա տարածքը, բայց պատժվելու էր նա։ Ինչու ինքը, որովհետև բաբոյիս համար ես անձեռնմխելի մեծություն էի, ու դա, նրա կարծիքով, պետք է ընդունեին բոլորը։ Հետո էլ՝ հո չէի՞ ասելու բաբոյիս, որ մեղավոր եմ, դա կլիներ իմ կողմից խոստումնազանցություն, որովհետև ամեն առավոտ գործի գնալիս ինձ տրված չափաբաժնի ամենակարևոր հորդորանքը խելոք մնալն էր։ Իսկ ես վերցրի ու ի՞նչ արեցի։ Մի խոսքով՝ դեղատան աշխատողը մնաց անդրդվելի։ Ես հանգիստ խղճով, որ արեցի ամեն ինչ այդ կնոջ համար, քայլերս ուղղեցի հիվանդանոց՝ բաբոյիս մոտ։ Բաբոս, սպիտակ խալաթը հագած, վրայից սպիտակ գոգնոցը կապած, շերեփով համտեսում էր հիվանդների համար նախատեսված ճաշը։ Շա՜տ դժվարությամբ գտա հարմար բառեր՝ պատմելու համար։ Բաբոս սկզբից մտածեց ուղղակի շատախոսում եմ, բայց երբ հասա այն պահին, որ պայուսակս վերցրել և չի տվել աշխատողը, լրջացավ, շերեփը դրեց ու ասաց, որ սկզբից պատմեմ եղելությունը։ Այնքան համարձակություն չունեցա, որ պատմեմ՝ ինչպես է եղել իրականում։ Պատմեցի այնպես, ինչպես կուզեի, որ եղած լիներ.

– Ես ու Լարիսան մեզ համար միամիտ դեղատան կողքով գնում էինք, մեկ էլ աշխատողը դուրս եկավ, իմ պայուսակը ձեռքիցս խլեց ու ասաց, որ մինչև բաբոդ չգա, չես ստանալու։

Բաբոն թերահավատորեն նայեց իմ ուղղությամբ։ Իմ կարծիքով նրան զարմանալի չթվաց, որ կարող են պայուսակս վերցրած լինել, որովհետև իմ արկածախնդրությունն իմանալով՝ վստահ էր, որ մի բան արած կլինեմ։ Բաբոյին դուր չեկավ այն, որ իմանալով իր թոռն եմ, իսկ իրեն բոլորն էին ճանաչում, չեն գնացել զիջումների՝ պայուսակս չեն տվել։

– Հենց այդպես էլ ասա՞ց, որ մինչև բաբոդ չգա, չես ստանա։

– Հա՛, բաբո՛ ջան։

Բաբոս գոգնոցը հավաքեց տեղավորեց գոտու մեջ, բռնեց ձեռքս, ու արագ–արագ գնացինք դեպի դեղատուն։ Ճանապարհը բավականին երկար էր, բայց մինչև տեղ հասնելը ծպտունս դուրս չեկավ, որը վկայում էր իմ մեղավորության մասին։ Բաբոս ներս մտավ ու միանգամից.

– Աղջի Վարսի՞կ։

– Հա՛, Մաքրուհի՛ ջան, էս ի՞նչ խաբար է՝ եկել ես,– ժպտալով ընդառաջ եկավ մեզ ու հանկարծ աչքն ընկավ ինձ վրա։

– Էս ո՞ւմ երեխեն ա, Մաքրուհի՛ ջան։

– Ո՞նց թե ումն ա։ Ուրեմն համ ասում ես՝ բաբոյիդ կանչի՛, համ էլ քեզ միամիտի տե՞ղ ես դնում։

Սկսվեց մի երկխոսություն իմ անմեղ–մեղավորության, պայուսակի ու ձուն հետագայում ձի դառնալու մասին։ Բաբոս, իհարկե, ինձ էր պաշտպանում, ու նրա միակ համոզմունքն այն էր, որ ինձ չէր կարող շիշ պետք եղած լիներ, որն իրականում ճիշտ էր։

– Իմ երեխին եթե շիշ պետք լիներ, ես Տորիկից (Տորիկը հիվանդանոցի մանկական կերերի բացթողնման բաժնի վարիչն էր) մի արկղ կվերցնեի ու կտայի թոռանս, թող ինչքան ուզում էր խաղար։ Չհամարձակվես երեխուս զրպարտես:

Ինչքան էլ աշխատողն արդարացավ, բաբոս մնաց անդրդվելի իմ անմեղության հարցում։ Պայուսակս վերցրեց, ձեռքս բռնեց, ու հաղթական դուրս եկանք դեղատնից։ Լուռ քայլեցինք մինչև շենքի անկյունը, թեքվեցինք այնպես, որ դեղատունն այլևս չէր երևում, բաբոս կանգնեց, ահավոր ցավոտ սեղմեց ձեռքս ու ասաց.

Загрузка...