Կոշիկի տուփը
Օգոստոսի վերջին՝ դպրոցի սկսվելուն ընդառաջ, մեր փողոցի երկայնքով կազմակերպվում էր տոնավաճառ։ Դա ինձ համար իսկական տոն էր։ Ի՜նչ աշխուժություն էր տիրում, ի՜նչ խաժամուժ էր… Ես, իհարկե, իրադարձությունների կենտրոնում էի։ Որպես այդ կողմերին քաջատեղյակ մարդ` տանտիրոջ իրավունքով առավոտից վերից վար էի անում ու եթե պատահաբար լսում էի, որ ինչ–որ մեկը չէր գտնում իրեն հետաքրքրող ապրանքը կամ տաղավարը, ես անմիջապես տեղեկացնում էի, թե ո՛ր կողմ գնա: Մի խոսքով` վոլոնտյորություն էի անում։ Ա՜յ թե կիմանայի այն ժամանակ, թե այդպիսի բառ կա, անպայման հանդիպածին հպարտորեն կնշեի, թե ես ով եմ։ Օգնելն՝ օգնել, բայց ես մեկ այլ պատճառով էի անհամբեր սպասում տոնավաճառների բացվելուն։ Ուրեմն, մարդիկ կոշիկներ գնելիս հաճախ տուփերը չէին վերցնում, ու վաճառողների կողքին կուտակվում էին մի բլրաչափ դատարկ տուփեր։ Ինձ այդ տուփերը շատ էին պետք։ Ես գունավոր թելն ամրացնում էի դատարկ տուփին, ու երևակայական մեքենաս պատրաստ էր սլանալու։ Հիմա, մտածում եմ, ախր ութ–ինը տարեկան աղջիկ էի, ո՜նց չէի ամաչում հետևիցս քարշ տալ կոշիկի տուփը… Ինչքան դատարկ տուփ կար, վերցնում էի ու տանում տուն, դնում էի մահճակալիս տակ, որ նախորդի մաշվելու դեպքում նորը հանեմ մեջտեղ. դա անում էի այն ժամանակ, երբ համոզվում էի, որ բոլոր երեխաները բակում են ու տեսնելու են վերջին թողարկման մեքենաս։ Էդ խեղճերը թե մի տուփ էլ ունեին, իմ տվածն էր։ Վաճառողներն ինձ լավ ճանաչում էին, թույլ էին տալիս վերցնել, երևի իրենց համար էլ լավ էր. ազատվում էր տարածքը։
Մի անգամ՝ առևտրի թեժ պահին, տեսա մի փայլուն, գեղեցիկ տուփ դրված է այնտեղ, որտեղ հիմնականում դրվում էին դատարկ տուփերը։ Շա՜տ գրավիչ էր տեսքը, ճմռթված տեղ չուներ։ Ես սիրով կսպասեի, որ մի քիչ առևտուրը թեթևանար, նոր մոտենայի վաճառողին, բայց վախեցա՝ ուրիշներն ինձնից առաջ ընկնեն։ Պատկերացնում էի, թե ոնց եմ քշելու մեքենաս… Ո՜նց են երեխաները նայելու ձեռքբերմանս ու նախանձելու… Վերջը, մոտեցա վաճառողին, որը միանգամից մի քանի հոգու էր սպասարկում, շատ զբաղված էր, ու ասացի.
– Տոտա՛, կարելի՞ ա էն դատարկ տուփը վերցնել։
«Տոտան» երևի թե չլսեց։ Մեկ–երկու անգամ ասելուց հետո նայեց իմ կողմն ու բարկացած ասաց՝ վերցրո՛ւ։ Ես ուրախ–ուրախ մոտեցա հետևի կողմից ու բաղձալի տուփը գրկած հեռացա։ Մի քիչ գնացի ու զգացի, որ ծանր է մի տեսակ։ Դրեցի գետնին, բացեցի ու ի՜նչ տեսնեմ. տղամարդու նո՛ր կոշիկներ են մեջը։ Առաջին բանը, որ մտքովս անցավ՝ կոշիկները հենց այդտեղ թողնելն ու տուփս գրկած գնալն էր։ Հետո մտածեցի՝ պետք չի եղել իրենց, դրա համար էին կողքի դրել։ Մի քիչ երկար մտմտալուց հետո հասկացա, որ սխալմունք եղած կլինի, որոշեցի հետ տանել ու տալ վաճառողին։ Պատկերացրի, թե ոնց կուրախանա, որ գտնվել է կորած ապրանքը, ու գովեստի ի՜նչ խոսքեր կշռայլի ինձ, օրինակ կբերի ինձ այդ պահին բոլորի մոտ, կասի, թե ես ոնց փրկեցի կոշիկներն անհայտ կորչելուց… Ամեն դեպքում, մազերս կարգի բերեցի, որն է՝ դնել ականջներիս հետևը, թափ տվեցի մշտապես փոշոտ շորս, որ տեսքս ներկայանալի լինի, ամեն դեպքում իմ աստեղային ժամն էր լինելու, ու մոտեցա վաճառողին։ Նայեցի շուրջս, տեսա, որ հանդիսատեսի խնդիր չունեմ ու, որքան հնարավոր է բարձր ձայնով, որ լսելի լինի բոլորին, ասացի.
– Տոտա՜…
«Տոտան», ոնց հասկացա, իսկապես իմ ներվերը չուներ… Դե ոչինչ, ինքը դեռ չգիտի, թե ես իրեն ինչի համար եմ դիմում։
– Տոտա՜,– ավելի հնչեղ ու նոր տոնայնությամբ գրեթե գոռացի ես։ Բոլորը մի պահ լռեցին ու նայեցին իմ կողմը. հիմա եմ հասկանում, որ երևի մտածեցին, թե ինձ հետ դեպք է պատահել ու… «առևտուրը հեչ, էդ երեխային մի բան եղած չլինի՞»… Վաճառողն էլ դժկամ դեմքով շրջվեց դեպի ինձ, երևի դժվարությամբ տեղը բերեց.
– Ի՞նչ ա եղել, ա՛յ աղջի…
– Տոտա՛ ջան, էն տուփը որ տարա, մեջը կոշիկ կար, հետ եմ բերել, վերցրո՛ւ (կամ էլ՝ վերցրե՛ք, չեմ հիշում…)։
Մի շատ կարճ պահ, երևի թե վայրկյաններ լռություն տիրեց։ Ես ամեն դեպքում ձգվեցի, որ ավելի տեսանելի լինեմ։ Ի զարմանս ինձ՝ իմ հերոսական քայլն այլ կերպ ընկալվեց «տոտայի» կողմից։ Սկզբում նայեց չհասկացող հայացքով, հետո դժվարությամբ ընկալելով ասածս՝ մի վայրի՜ բառաչ հիշեցնող գոռոցով, «փայլուն» բառապաշարով արտահայտեց իր կարծիքն իմ և մնացած բոլո՜ր երեխաների մասին, որոնք ոտքի տակ են ընկնում՝ խանգարելով իրեն աշխատել։ Մտածեցի՝ երևի չհասկացավ՝ ինչ եմ ասում… Կրկնեցի, ու նորից՝ նույն արձագանքը։ Չգիտեմ՝ բացի ինձնից այլ երեխաներ էլ շեշտվեցին նրա ասելիքում, դա՞ էր պատճառը, թե՞ իրոք զգացին, որ անարդար էր «տոտայի» այդ փայլուն մենախոսությունը, հաճախորդներն էդ կնոջը մոտավորապես բացատրեցին, թե ինքն ով է, ու որտեղ է իրականում նրա տեղը, սկսեցին ինձ գովեստի խոսքեր ասել… Այդ խոսքերն ինձ պետք էին՝ այս անգամ ոչ թե ինքնասիրությունս շոյելու, այլ իմ գիտակցությանը անմեղ լինելուս փաստը հասցնելու համար, այլապես ինչ–որ բան սխալ կլիներ, ու կկոտրվեր բյուրեղյա մաքուր մանկությունիցս անվերականգնելի մի կտոր…