Բարձրագույն պիլոտաժ

Ինչպես ասացի, մեր տունը այգու մեջ էր։ Քաղաքում միակ զբոսայգին էր, որտեղ նաև կային բազմապիսի կարուսելներ: Երևի թե հարկ չկա պատմելու, թե ինչպես ուսումնասիրած կլինեի տեղանքը… Բոլոր կարուսելները օրը մի քանի անգամ նստում էի, բայց դե ավելիի ցանկություն կար, իսկ փողը սահմանափակ էր։ Դրա ճարն էլ էի գտել։ Մի տեսակի ինքնաթիռ–կարուսել կար՝ ամենապահանջվածը, որը պտտվելու ընթացքում պետք է բարձրանար վերև: Երեք հոգի էին նստում մեջը. մեկը՝ առջևում, երկուսը՝ ետևում։ Վերև բարձրանալու համար անհրաժեշտ էր, որ առջևում նստածը ոտքով ուժեղ հրեր սեղմակը, այլապես ինքնաթիռը ներքևում ուղղակի կպտտվեր։ Դե իմ ինքնաթիռն ամենաբարձրն էր թռչում, որովհետև ես գիտեի այդ նրբության մասին, իսկ նրանք, ովքեր գալիս էին գյուղերից կամ էլ քիչ էին հաճախում, բնականաբար տեղյակ չէին։ Ասեմ, որ ոտաբոբիկ էի. երբ շաբաթը մեկ կոշիկներս տակից ծակվում էին, որոշեցին ինձ միայն դպրոցից առաջ կոշիկ գնել, ու դա իմ սրտով էր, որովհետև գլուխս կազատեի անվերջ խրատներից՝ փողոցները չափչփելու մասին։ Կարուսելի կանգնելուց հետո բոլորի հիացական հայացքների ներքո ես, հնդկահավի նման փքված, հաղթական դեմքով իջնում էի ու գնում դեպի ելքը։ Հետևիցս երեխաները գալիս էին ու խնդրում, որ բացատրեմ, թե որն է գաղտնիքը, որ ես այդքան բարձր եմ թռչում։ Ես դեմքի լրջագույն արտահայտությամբ բացատրում էի, որ իրենք դա չեն կարող անել, ու որ դա ի՛մ մենաշնորհն է։ Էս երեխեքն էլ, իրար հերթ չտալով, խնդրում էին, որ վճարեն իմ փոխարեն, միայն թե ես նստեմ իրենց ինքնաթիռի առջևում ու վերև բարձրացնեմ։ Ձևականորեն դժգոհ դեմք ընդունած՝ համաձայնվում էի։ Մինչ ես դրսևորում էի բարձրագույն պիլոտաժ, ներքևում ինձ համար հաջորդ անգամվա տոմս էին գնում։ Արդեն երևի պատկերացրիք, թե ես երեկոյան ինչ կարգի հոգնած ու գլխապտույտով կգնամ տուն։ Լավ էր, որ կարուսելն աշխատում էր միայն շաբաթ և կիրակի օրերին։

Տանն ինձ սպասվում էր բաբոյիս հերթական ու հուսահատ բացատրական աշխատանքներն առ այն, թե ինչպիսին պետք է լինի աղջիկն, ու ես որքան եմ հեռու այդ չափանիշից։ Ես լսում էի ուշադիր, պինդ փաթաթվում էի բաբոյիս, պաչպչում ու հետն էլ մտմտում հաջորդ օրվա անելիքներս։

Մորաքույրս մի ընկերուհի ուներ՝ Սիրան անունով։ Սկզբում շատ մտերիմ էին, հետո ինձ անհասկանալի պատճառով սկսեցին հաճախակի վիճել։ Վիճում էին, բայց դե Սիրանն ամբողջ օրը մեր տանն էր լինում։ Մի օր մորաքույրս՝ Անոն, որին տարիքային քիչ տարբերության պատճառով միշտ անունով եմ դիմել, ինձ կանչեց ու ասաց.

– Էլիկո՛ ջան, լսի՛ր՝ ինչ եմ ասում. ուրեմն, որ Սիրանը գա, որոշ ժամանակ հետո դու իրեն կասես. «Էլ չգա՛ս մեր տուն»։ Ես կզայրանամ վրադ, բայց դու էլի՛ կասես։ Էնքա՜ն կասես, մինչև թողնի ու գնա։

Ես սիրով համաձայնվեցի, մի տեսակ նույնիսկ պատկերացրի Սիրանի դեմքի արտահայտությունը, սկսեցի րոպեն մեկ պատշգամբից նայել, թե երբ է գալու, որ ես փայլեմ ինձ վստահված առաջադրանքը կատարելում։ Մի քիչ հետո եկավ Սիրանս. նայում եմ ու պատկերացնում, թե խեղճի գլխին ինչ եմ բերելու։ Մի քիչ նստեցին, ինչպես որ պայմանավորվել էինք, ես՝ ոչ այս, ոչ այն, էս խեղճին ասացի, որ հենց հիմա վեր կենա ու գնա մեր տնից։ Սիրանը զարմացած ինձ նայեց, մտածեց՝ կատակ եմ անում, ճիշտ է՝ չար, բայց՝ կատակ։ Ես անկոտրում էի.

– Հենց հիմա գնա՛ մեր տնից։

Սիրանը շրջվեց դեպի Անոն, որ տեսնի՝ ինչ արձագանք կա ինքնագործունեությանս պահով։ Անոն շփոթվեց, երևի չէր սպասում, որ ես այդ կարգի վիրտուոզ կկատարեմ դերս։ Սկսեց ինձ սաստել, բայց ըստ պայմանավորվածության՝ ես պետք է պնդեի իմ պահանջը։ Անոն, երևի ինքն իր արածից արդեն փոշմանած, ուզում է հարթել տհաճ միջադեպը, բայց դե ես չեմ հասկանում այդքան բանն ու անընդհատ կրկնում եմ, որ Սիրանը լքի մեր բնակարանը։ Սիրանը վեր կացավ տեղից։ Տեղից վեր կացավ նաև Անոն, հասավ ինձ ու՝ տուր, թե կտաս… Ճիշտ է, ցավոտ չէր խփում, բայց միայն այն, որ իմ անթերի կատարած աշխատանքը այդ կարգի չի գնահատվել, ու ինքը խախտել է պայմանավորվածությունը, հետն էլ՝ ես իզուր քոթակ եմ ուտում, ինձ հանեց հունից։ Սիրանն էլ զգաց, որ ինչ–որ շա՜տ փափուկ ծեծ էր։ Ես մի քիչ հեռու գնացի, որ ամեն դեպքում Անոյին անհասանելի լինեմ, գոռացի.

– Ինչի՞ ես խփում, դու չասեցի՞ր, որ զզվում ես Սիրանից, ու որ ես իրեն ասեմ էլ չգա մեր տուն։

Մինչ Անոն կփորձեր ինձ բռնել, իսկ որ բռներ՝ հաստատ մեծ կտորս ականջս էր թողնելու, ես Սիրանին հրեցի ու դուրս թռա տնից։ Մինչև բաբոս աշխատանքից չեկավ, ես տուն չգնացի։ Հետո, իհարկե, հաշտվեցինք Անոյի հետ. խոսք վերցրի, որ եթե բաբոն տանը չլինի, ինքն ինձ չի պատժելու։

Պատմում եմ ուրախ դեպքեր, բայց աչքերս խոնավանում են… Չեմ արտասվելու, որովհետև դեռ էլի զավեշտալի բաներ կան պատմելու իմ, Մարո Մարգարյանի խոսքերով ասած, ծիածանափեշ մանկությունից, առանց որոնց ներկապնակիս գույներն ամբողջական չեն լինի…

Загрузка...