Հաջի կարապետը, արփոն ու ես

Ուզում եմ պատմվածքի ձևով ներկայացնել դրվագներ իմ՝ կարծես թե մոտիկ, բայց իրականում այնքա՜ն հեռավոր մանկությունից։ Երևի թե բոլորի մոտ է գալիս մի տարիք, երբ սկսում են հաճախակի անդրադառնալ մանկությանը` լուսավոր ու խենթություններով լի ժամանակահատվածին։ Նոր դրվագներ եմ հիշում, որոնց առաջներում ուշադրության չեմ էլ արժանացրել ու ցավելու աստիճան կարոտ եմ զգում հեռավոր այդ օրերի հանդեպ։ Բաբոյիս պատրաստած ձվջուրն եմ հիշում, փամփլիկ ձեռքերով պատրաստած ալադիները, որոնք խժռում էի անհագորեն…

Վերջերս աղջիկս ինձ հարցրեց. «Մա՛մ, այդքան քաղցրասեր լինելով՝ ինչո՞ւ ալադի չես ուտում»: Աղջիկս ընտիր է պատրաստում։ Ասացի. «Ես բաբոյիս պատրաստածի համը չեմ ուզում կորցնել, Նա՛ն ջան։ Քիմքս ա՛յն համն է հիշում»:

…Անհամբեր սպասում էի ամռան գալստյանը, որ գնայի տատիկիս ու մորաքրոջս տուն։ Նրանք Հոկտեմբերյանում էին ապրում (ինձ համար խորթ է Արմավիրը. իմ քաղաքը Հոկտեմբերյանն է)։ Նույնիսկ մեկ–երկու տարի այնտեղ եմ դպրոց գնացել։ Տատիկիս տունը հենց քաղաքի կենտրոնում էր՝ այգու մեջ։ Այդ մի շենքն էր այդտեղ, ու այն հարցին, թե որտեղ է մեր տունը, ես հպարտությամբ պատասխանում էի. «Սադի մեջ»։ Իմ գնալով շենքն աշխուժանում էր։ Երեխաներն ուրախանում էին, որովհետև արկածախնդիր էի, ու նրանց սպասվում էր թեժ ամառ։ Աշխուժանում էին նաև մեծերն ու իրար մեջ դժգոհ փսփսում, որ սկսվելու է իրենց անհանգիստ կյանքը։ Տատիկս, ում քնքշորեն «բաբո» էի ասում, գրկախառնվելուց հետո սկսում էր դաստիարակչական իր խրատները, որոնց բովանդակությունը տարիների հետ չէր փոխվում. «Էլիկո՛ ջան, հեռու չգնա՛ս, չլնեմ–չիմանամ՝ Միշիկի հեծանիվին կպել ես. ես դրա մոր զահլեն չունեմ։ Թթի ծառերից հեռո՛ւ, չբարձրանա՛ս, ամո՜թ է, արդեն մեծ աղջիկ ես։ Մազերդ առանց սանրելու դո՛ւրս չգաս, բալե՛ս»։ Բաբոս պարբերաբար, բայց թերահավատորեն ինձ հիշեցնում էր իմ աղջիկ լինելու փաստը` հույս ունենալով, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է՝ հասկացած լինեմ այդքանը։ Ինքը խոսում էր, ես լուռ գլխով էի անում ու սպասում, թե երբ է հնչելու բաղձալի «դե գնա՛, բալե՛ս»–ը։

Առաջինը, որ անում էի, ստուգելն էր, թե արդյոք Միշիկը հեծանիվը նույն տեղում է պահում։ Պետք է հասցնեի մինչև իմ գալստյան մասին նրանց տեղեկանալը հեծանիվը մի լավ վայելեի… Հոկտեմբերյանում չկար մի անկյուն, որ ես եղած չլինեի։ Քաղաքի խորհրդանիշ դարձած Հաջի Կարապետի հետևից ժամերով գնում էի… Նա փայտից խաղալիքներ էր պատրաստում ու երգեցիկ ձայնով կանչում էր. «Հաջի Կարապետը հո՜ս է… մի մանեթը քո՜վս է»: Եթե հոգնում էր, ես էի նրա փոխարեն ձայնս գլուխս գցած կրկնում. «Հաջի Կարապետը հո՜ս է…»: Հին հոկտեմբերյանցիները կհիշեն Արփոյին. հոգեկան խանգարում ունեցող կին էր։ Գունեղ շորեր էր հագնում միշտ ու, ինքն իրեն խոսելով, ման էր գալիս քաղաքում։ Եթե մեր ուղիները խաչվում էին, մեղք լիներ Արփոն. հետևից այնքա՜ն էի քայլում՝ կրկնելով ասածները, մինչև որ մի լա՜վ քոթակ էր հասցնում ինձ։ Քաղաքի փողոցներով երբեմն սայլեր էին գնում՝ լծված էշերին։ Մենք դրան էշի կաշկա էինք ասում, մեկն իմանա, թե դա ինչ էր նշանակում՝ այդ կաշկան։ Զգույշ, որ սայլապանը չնկատեր, հետևից կառչում էի սայլին ու երջանիկ տեղափոխվում մինչև այնտեղ, որտեղ կհասցներ ինձ նկատել սայլապանն ու մտրակով դեպի հետ փորձեր հարվածել։ Շատ ժամանակ կողքից էին զգուշացնում, գոռում էին. «Ամոթ չի՞ բա, դու աղջիկ ես»: Ու մինչ մտրակը հետ կհասներ, ես բարեհաջող վայրէջք էի կատարում։ Ուսումնասիրելով անցածս ճամփան, նոր արկածներ որոնոելով՝ գալիս էի տուն։

Կորչելուս համար երեկոյան պատրաստ էի մի լավ թուքումուր ուտելու, բայց տպավորություններս այնքա՜ն վառ էին, իսկ ես՝ այնքա՜ն հոգնած, որ հազիվ էի հասցնում ոտքերս լվանալ ու ընկնել մահճակալին… Բաբոս ասում էր. «Բոլոր մաղերը ծախեցի՞ր, բոշա՛ ջան, հո կիսատ գործ չե՞ս թողել»։ Մորաքույրս՝ իմ լավ Անոն, կողքից ավելացնում էր. «Ոչի՜նչ, մնացածն էլ վաղը կանի»։ Վերջին բառերն արդեն չէի լսում, բայց ենթադրում էի, թե ինչի մասին կլինեին, որովհետև ամեն օր կրկնվում էր նույնը։ Ես խոր ու վաստակած քուն էի մտնում՝ վաղվա հետաքրքիր օրվա ակնկալիքով..

Загрузка...